Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Էպիստոլյար պատումներ

Էպիստոլյար պատումներ
10.06.2016 | 08:53

«Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել մեծանուն գրող, հասարակական գործիչ, Հայաստանի և ԼՂՀ պետական մրցանակների դափնեկիր, մշակույթի վաստակավոր գործիչ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ (1924-2002) նամականին, որին ծավալուն ընտրությամբ հավելված են գրականության և մշակույթի մի շարք երևելիների և ընթերցողների կողմից գրողի հասցեով առաքված բազմաբովանդակ նամակները:

Էպիստոլյար ժամանակների վերջնագծում, երբ նորահայտ հեռահաղորդակցման սրընթաց միջոցների շնորհիվ «անմատչելի հեռավոր»-ը «անընդմիջելի մերձավոր» է դարձել, և նամակագրությունն այլևս գրողի ու մտավորականի կյանքի զուգահեռ ու անհրաժեշտ պարագայություն չէ, այլ որոշակի առիթով ու հազվադեպ պատեհությամբ իր հոգու ու մտքի լայն կամ նեղ պատուհանը՝ բացված ժամանակի ու աշխարհի վրա, առավել ուշագրավ է դառնում այն: Գրողի նամակախոհը՝ անմիջական, հուզական, ներանձնական ու ինքնադեմ, գրողի ստեղծագործության մասը կազմելով, վերածվում է յուրատեսակ մի հրապարակագրական վավերապատումի:


Մ. Սարգսյանի «վավերապատումը» սկսվում է 1943-ից, Հայրենական պատերազմի խրամատներից հարազատներին գրած սեղմ ու տարողունակ մի նամակից՝ հրաշքով պահպանված, որը եզակի է իր դեր ու նշանակությամբ ոչ միայն անպարտ զինվորի պատմական (ու կենսագրական) տեղակայության հավաստագրման առումով, այլև գրողի հետագա ստեղծագործական մտադրույթների համար որպես սկզբնաղբյուր՝ պատերազմող հերոսի հոգեբանության ճշգրիտ համադրման համար: ՈՒրեմն իրավամբ այստեղ նույնպես «չգրվածն ավելի է գրվածից». «...Չգրվածը նրա գործերում ապրում է տեքստից դուրս,- ընդհանրացնում է Պերճ Զեյթունցյանը,- սակայն հենց իր՝ տեքստի շնորհիվ, որովհետև հեղինակը բաց է թողնում ոչ թե այն, ինչ չգիտե, այլ այն, ինչ գիտե, շատ լավ գիտե և իր իմացածը անտեսանելի թելերով հասցնում է ընթերցողին, ստիպում է կռահել, գլխի ընկնել, մտովի լրացնել: Սա արվեստի այն մակարդակն է, որ, բացի վարպետությունից, արդյունք է նաև կյանքի խոր ճանաչողության»:


Մ. Սարգսյանի վերջին նամակը թվագրված է 2001. ԼՂՀ կառավարությանն ու ԳՄ-ին ուղղված շնորհակալական խոսքն է ծրարել, հայկական երկրորդ հանրապետության պետական մրցանակի դափնեկրի կոչմանն արժանանալու առիթով: Արդեն ծերունազարդ, կյանքի «դժվարահաճ ռուբիկոններն անցած» գրողի խոհն է՝ գրական ու ազգային հիմնանյութից, «կյանքի խոր ճանաչողությունից» սերող, իր ժողովրդի պատմական հեռանկարը այսպե՛ս տեսանող. «...Զգաստ և արթուն միտքն ու ոգին են միայն ի զորու համախմբելու ժողովրդին, նրա կենսական ուժերը ուղղորդելու ամենամեծ և ամենաթանկ հարստության նվաճմանը՝ ազգի ազատագրությանը»:


Ահա ժամանակի այս տիրույթում՝ 20-րդ դարի երկրորդ կեսն ընդգրկող մոտ չորս տասնյակ նամակ ու գրություն, որ հավաքագրվեցին մամուլից, հուշագրություններից, գրողի անձնական արխիվից, որ բարդ ու ոլորուն, տագնապալից, միաժամանակ նվաճումներով լեցուն դարաշրջանի ուղղակի ու անուղղակի արձագանքներն են, այս կամ այն իրողության հանդեպ գրողի վերաբերմունքն ու գնահատանքը, հպարտությունն ու հիասթափությունը, խորհուրդն ու մտերմիկ ողջույնը... մարդուն մարդեղացնելու նրա բնատուր մղումը: Նամականին հատկանշվում է թեմատիկ բազմազանությամբ, ավելին՝ թեմատիկ բազմաբևեռությամբ, հարցադրումների բազմաշերտ իրողությամբ: Անձնական բնույթի նամակներում բացահայտվում է անհատը, պատկերվում է նրա անխարդախ դիմագիծը՝ բարեկամների, ընկերների հետ փոխհարաբերություններում, ընտանեկան շրջանակներում: Գրական բնույթ ունեցողները առնչվում են Մ. Սարգսյանի և այլոց գեղարվեստական գործերին, պարզաբանում ստեղծագործական, ժանրային ու ոճական սկզբունքներ, գրաքննական ու խմբագրական, բանավիճային ինչ-ինչ հարցադրումներ, արտահայտում նամակագրի ուրույն տեսակետը:


Նամականիում ժողովված են նաև Մ. Սարգսյանի հասցեով ստացված անվանի մտավորականների և պարզ ընթերցողների տասնյակ նամակներ՝ գրված ամենատարբեր առիթներով՝ գրական միջավայրի քննաբանությունից մինչև հրատարակչական-խմբագրական բնույթի հարցադրումներ, հայապահպանական հիմնախնդիրներից մինչև Մ. Սարգսյանի ստեղծագործությունների գրաքննական վերլուծություն, հասարակական կյանքում տեղի ունեցած արժանահիշատակ անցքերի արձագանքներ և այլն: Այսպես գրական կյանքի հետնաբեմում հնչում են այլազան տեսակետներ, անվանի գործիչների ինքնատիպ դատողություններ, պարզաբանումներ, տագնապներ, բանավեճ... Այս շարքը գրապատմական արժեք և բովանդակություն է կրում, ամփոփելով ժամանակի հայ մտավորականների արժեքավոր խոհը, իրենց ոճին ու մարդկային նկարագրին համահունչ (Ստ. Զորյան, Մ. Արմեն, Վ. Անանյան, Դև, Հ. Սահյան, Ա. Հայկազ, Վ. Փափազյան և այլք) և օտարազգիների հետ հայ գրողի (և հրատարակչի) փոխհարաբերության մշակույթը:


Այլ է ընթերցողների նամակների պարագայում: «Ամեն մի գրողի համար շարքային ընթերցողի կարծիքը շատ կարևոր է»,- նկատում է ընթերցող Սուրեն Ղազարյանը: Եվ իսկապես՝ ընթերցողի կարծիքը չունի գրականագիտական մտքի «գիտասևեռումները», այն առօրյա կյանքի շունչն է բերում, գեղարվեստական գրականությանը առաջադրում հարցեր սյուժեի «ներսից», ապրում հերոսի դրաման, սերը, ուրախությունը, համադրում իր տեսածի ու ապրածի հետ՝ ճշտում-ճշգրտում իրականի ու երևակայականի սահմանները, փորձելով հեղինակին համոզել այլ ճակատագիր սահմանել գրական հերոսին, շարունակել նրա կյանքի պատմությունը իր ցանկացած ուղիով, առաջադրում նոր թեմաներ, խրախուսում գրողի համարձակ քայլերը և այլն: Այս իրողությունները նկատի ունենալով է Մ. Սարգսյանը ասում, թե ստեղծագործությունը հասա՛վ ընթերցողին:


Ինչևէ: Ժողովածուում հավաքագրված բոլոր նամակները «ծնունդ» են առել ինչ-որ մի նոր տեսակետ հաստատելու ցանկությամբ, ինչ-որ մի հույզից կամ տագնապից և... անկեղծանալու ազնիվ մղումով, հետևաբար «ապրելու իրավունք ունի» ամեն մի էպիստոլ՝ ընթերցողին իր բարի խորհուրդն ու կենսախոհը փոխանցելու նպատակով:


Վահագն ՍԱՐԳՍՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ